Միացյալ Նահանգներ

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային խորհրդակցություններ են անցկացնում Թրամփի սպառնալիքների ֆոնին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային խորհրդակցություններ են անցկացնում Թրամփի սպառնալիքների ֆոնին

Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային գերատեսչությունների աշխատանքային խմբերը շարունակում են խորհրդակցություններ վարել չինական ապրանքները լրացուցիչ 100% մաքսատուրքերով հարկելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

«Չինաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմի միջոցով: Երեկ կայացել են բանակցություններ աշխատանքային մակարդակով», - ասվում է մեկնաբանության մեջ, որը տարածվել է այն լուրերի ֆոնին, թե Պեկինն, իբր, մերժել է ԱՄՆ իշխանությունների առաջարկությունը՝ անցկացնել հեռախոսազրույց  հազվագյուտ մետաղների նկատմամբ Չինաստանի արտահանման վերահսկողության խստացման առիթով: 

Այդ միջոցը կտրուկ արձագանքի է արժանացել Սպիտակ տանը, որը չինական կողմին սպառնացել է նոր մաքսատուրքերի սահմանմամբ:

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է մի քանի փաստաթղթեր՝ հազվագյուտ մետաղների, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և դրանց արդյունահանման  սարքավորումների արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման միջոցների մասին: Դա առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը, որը հաջորդ օրը Պեկինին սպառնացել է մաքսատուրքերի 100%-ով բարձրացմամբ և ծրագրային ապահովման մատակարարումների սահմանափակումներով, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ: Այսպիսով, չինական ապրանքների համար ԱՄՆ ընդհանուր մաքսատուրքերը կարող են կազմել 130%:

Չինաստանի Մաքսային գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ չինական կողմը հունվար-սեպտեմբերին հազվագյուտ մետաղների արտահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 12,6%-ով՝ մինչև 48,35 հազար տոննա: Ինն ամիսներին մատակարարումների արժեքն, ընդհակառակը, կրճատվել է 7,8%-ով՝ մինչև 342,3 միլիոն դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում