Podcast-Հարց բժշկին. անեսթեզիոլոգը միայն «քնեցնող» բժիշկ չէ, նա հիվանդի կյանքի պահապանն է վիրահատության և հետվիրահատական ընթացքում
4 րոպեի ընթերցում

Անեսթեզիոլոգը բժշկության մեջ անփոխարինելի մասնագետ է, ով վիրահատական միջամտության ընթացքում ապահովում է ամենաթանկը՝ մարդու կյանքի անվտանգությունը ցավազրկման ընթացքում։ Նրա աշխատանքը հաճախ մնում է կուլիսներում, սակայն առանց անեսթեզիոլոգի ոչ մի վիրահատություն չի կարող իրականանալ։
Հոկտեմբերի 16-ին նշվում է անեսթեզիոլոգի համաշխարհային օրը, որի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի տաղավարում ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի հետ զրուցել ենք մասնագիտության բարդ ու պատասխանատու բնույթի, տարածված սխալ պատկերացումների և ժամանակակից նորարարությունների մասին։

Իրինա Մալխասյանի խոսքով՝ անեսթեզիոլոգի դերը վիրաբուժական միջամտության ժամանակ սահմանափակված չէ միայն «քնեցնելով»․ նա պատասխանատու է հիվանդի կյանքի անվտանգության, ցավազրկման և օրգան համակարգերի կայուն աշխատանքի համար։ «Անեսթեզիոլոգը ոչ միայն վիրահատության ընթացքում է հիվանդի կողքին, այլ նաև նախապատրաստում է նրան միջամտությանը, գնահատում առողջական վիճակը, ընտրում համապատասխան ցավազրկման մեթոդը և հետվիրահատական շրջանում շարունակում է հսկել նրա վիճակը»,-ընդգծեց մասնագետը։
Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետը նշեց՝ անեսթեզիոլոգի աշխատանքում հաճախ իրավիճակները փոխվում են ակնթարթորեն։
«Պլանային վիրահատությունների դեպքում մենք ժամանակ ունենք պատրաստվելու, բայց շտապ դեպքերում ամեն բան կարող է անսպասելի ընթանալ։ Այդ պահին բժիշկը պետք է սթափ մտածի և արագ գործի։ Սա մասնագիտություն է, որտեղ պատասխանատվությունը բառացիորեն մարդու կյանք կարող է արժենալ»,-ասաց Մալխասյանը։
Անդրադառնալով անզգայացման հանդեպ մարդկանց ունեցած վախին՝ բժշկը նշեց, որ այն հաճախ կապված է բժիշկ-հիվանդ շփման պակասի հետ։ «Եթե բժիշկը մի փոքր ավելի երկար զրուցի, բացատրի անզգայացման (նարկոզի) առանձնահատկությունները և հնարավոր ռիսկերը, վախն ինքնաբերաբար կանցնի։ Ժամանակակից դեղերն անվտանգ են, և բարդությունների հավանականությունը գրեթե զրոյական է»,-ընդգծեց մասնագետը։
Իրինա Մալխասյանի խոսքով՝ անեսթեզիոլոգիան և ինտենսիվ թերապիան վերջին տարիներին մեծ առաջընթաց են գրանցել՝ շնորհիվ տեխնոլոգիական նորարարությունների։
«Ինտենսիվ թերապիայի արդյունավետությունը կախված է արագ ախտորոշումներից, ժամանակակից բուժման սխեմաներից և ճիշտ դեղորայքային մոտեցումներից։ Այս գործընթացում արհեստական բանականությունն այսօր օգնում է արագ վերլուծել տվյալները և աջակցել բժշկին որոշումների կայացման փուլում»,-նշեց մասնագետը։
Նրա խոսքով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում այսօր օգտագործվում են հեմոդիալիզի, արյան փոխներարկման և սրտի արհեստական շրջանառության ժամանակակից սարքեր, որոնք դեռ տասը տարի առաջ հասանելի չէին Հայաստանում։
Անեսթեզիոլոգիայի մասին մի շարք հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: