Երևան

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի մարման համար տեխնիկան ավելացվում է. գիշերվա ընթացքում կջրվեն Երևանի բոլոր փողոցները

2 րոպեի ընթերցում

Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են, ավելացվում է դեպքի վայրում աշխատող տեխնիկայի քանակը։ Գիշերվա ընթացքում էլ ինտենսիվորեն կջրվեն Երևանի բոլոր փողոցները՝ մեղմելու փոշու խնդիրը:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աղբավայրից նկարահանած տեսանյութով:   

«Գիշերվա ընթացքում մոտ 250 ավտոմեքենայի չափով հող է տեղափոխվել կրակի հատվածներ: Այս պահին ավելացնում ենք նաև տեխնիկան՝ 40-տոննայանոց մեկ ինքնաթափ և 15-20 «Կամազ»-ներ, որոնք պետք է աշխատեն ամբողջ օրն ու ամբողջ գիշեր: Դա մեզ հնարավորություն կտա վերահսկողության տակ պահել կրակը և, ամենայն հավանականությամբ, նաև հնարավորություն կտա մինիմիզացնել օդի որակի խնդիրները»,-ասաց Ավինյանը: 

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ օդի որակը քաղաքում բարելավվել է, բայց, քամիների փոփոխությամբ պայմանավորված, կարող է տարբեր ժամերի տարբեր պատկեր լինել: 

Այս պահին ամենաինտենսիվ կերպով աշխատում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, Փրկարար ծառայությունը:  

«Գիշերվա ընթացքում պլանավորում ենք նաև ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները մեր տեխնիկայով: Դրան միանում է նաև Փրկարար ծառայությունը, որպեսզի մեղմենք օդում կուտակվող փոշու հետ կապված խնդիրը: Կարծում եմ՝ վաղը կունենանք արդեն արված այն ծավալի աշխատանք, որը թույլ կտա մեզ Երևանում բավարար օդի որակ ունենալ»,-ասաց քաղաքապետը:  

Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում