Մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը
2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամը հայտնում է, որ մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորված, հաշմանդամության կարգ ձեռք բերած, ՀՀ մարզերում բնակվող մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ վերականգնելով աշխատելու մոտիվացիան և բացահայտելով մասնագիտական ներուժը։
«Միջազգային փորձը վկայում է, որ տնտեսական ինտեգրումը սոցիալական ներգրավման ամենաարդյունավետ ուղիներից է, քանի որ այն միաժամանակ ամրապնդում է մարդու ֆինանսական կայունությունը, ինքնաբավությունը և ընդհանուր բարօրությունը։
Հիմնադրամի թիմը հոկտեմբերի 6-9-ը շրջել է ընտրված չորս մարզերում, ծանոթացել մասնակիցների հետ, բացահայտել նրանց կարիքները և, իհարկե, կազմակերպել ծրագրի իրազեկման հանդիպումներ։ Այս փուլերում արձանագրվել է մեծ հետաքրքրություն․
Տավուշի մարզ, ք. Իջևան՝ 9 մասնակցից 8-ը
Գեղարքունիքի մարզ, Գավառ՝ 45 մասնակցից 43-ը,
Արագածոտնի մարզ, Աշտարակ՝ 16 մասնակցից 14-ը,
Սյունիքի մարզ, Գորիս՝ 39 մասնակցից 20-ը ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին:
Ընդհանուր առմամբ, ծրագրի այս փուլին արդեն մասնակցել է 106 պոտենցիալ շահառու, որոնցից 85-ը անմիջապես հայտնել են մասնագիտական կողմնորոշման ճամբարին մասնակցելու ցանկություն։ Մնացած մասնակիցներին տրվել է ժամանակ հոկտեմբերի 13-ը վերջնական որոշում կայացնելու համար» ,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մասնագիտական կողմնորոշման ճամբարը նախատեսվում է իրականացնել Ջերմուկում՝ երկու փուլով, նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 11-ը։ Ճամբարի ընթացքում մասնակիցների հետ աշխատելու են հոգեբաններ, կարիերայի խորհրդատուներ և ոլորտային փորձագետներ։ Ճամբարի ավարտին յուրաքանչյուր շահառուի համար կկազմվի անհատական զարգացման պլան, որի միջոցով շահառուները կհասկանան իրենց հետաքրքրության ոլորտները, զարգացման հնարավոր ուղիներն ու անհրաժեշտ հմտությունները։