Մխիթար Հայրապետյանը և Գևին Վուդն անդրադարձել են գլոբալ Web3 էկոհամակարգում Հայաստանի դերի ամրապնդմանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Web3 հիմնադրամի հիմնադիր, Ethereum կրիպտոարժույթի համահիմնադիր, բլոկչեյն տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ Գևին Վուդի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կողմերն անդրադարձել են Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, բլոկչեյն կրթության և մասնագիտական զարգացման խթանմանը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը՝ ստարտափների ինկուբացիայի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ նման համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային բլոկչեյն համայնքում ընդլայնելու և ապագա տեխնոլոգիական նորարարների համար արժեքավոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում Գևին Վուդը նաև հայտնել է Web3 համալսարան հիմնադրելու իր մտադրության մասին՝ տեխնոլոգիական, կրթական և տնտեսական զարգացման համատեքստում։