Մշակույթ

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մշակութասեր փոքրիկ ճամփորդներն այցելել են Գավառի պատկերասրահ

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մշակութասեր փոքրիկ ճամփորդներն այցելել են Գավառի պատկերասրահ

«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիրը շարունակում է բացել մշակույթի դռները Արագածոտնի մարզի երեխաների առաջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Արագածոտնի մարզի երեխաները հոկտեմբերի 6-ին այցելել են Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահում` բացահայտելու հայրենի արվեստի գույները, շունչը և պատմությունը:

Օրակարգում էին տեղեկատվական և ստեղծագործական փուլերը։ Տեղեկատվական մասում երեխաները մասնակցել են «Ժանրերը կերպարվեստում» ինտերակտիվ կրթական ծրագրին, որի շրջանակում ծանոթացել են կերպարվեստի հիմնական ժանրերին, գեղանկարչության ուղղություններին և պատկերասրահում ներկայացված հայ հեղինակների աշխատանքներին։

Ստեղծագործական հատվածում երեխաները հնարավորություն են ստացել ինքնուրույն ստեղծագործելու իրենց նախընտրած ժանրում. ոմանք պատկերել են բնություն, ուրիշներն՝ ընկերություն, ընտանիք։

Յուրաքանչյուր նկարի մեջ ակնհայտ էր մանկական երևակայությունն, անկեղծությունն ու գույներով պատմություն պատմելու սերը։

Միջոցառման ավարտին պատկերասրահի վարիչ Ջուլիետա Ղարաբաղցյանը երեխաների համար կազմակերպել է փոքրիկ հյուրասիրություն պատկերասրահի բակում՝ ջերմ և անմիջական մթնոլորտում։

Օրը եզրափակվել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելությամբ։

Մշակութային ճամփորդության մասնակից երեխաները վերադարձել են տուն՝ լի տպավորություններով ու նոր գիտելիքներով՝ իրենց հիշողությունների արկղում ավելացնելով ևս մեկ երջանիկ և մշակութաշատ օր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում