Երևանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 30 քաղաքացի տարհանվել է
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 6-ին ժամը 12։07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի նկուղային հարկում։
Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։
Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։