Մերձավոր Արևելք

Հայտնի է, թե երբ կմեկնարկեն Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրի շուրջ բանակցությունները. ԶԼՄ

4 րոպեի ընթերցում

PALESTINE, GAZA STRIP - JANUARY 16, 2025: A view of residential buildings in the city of Jabalia damaged by an Israeli airstrike. Hasan Alzaanin/TASS

Палестина. Сектор Газа. Джабалия. Жилые дома, разрушенные в результате обстрела города со стороны Израиля. Хасан Алзаанин/ТАСС
PALESTINE, GAZA STRIP - JANUARY 16, 2025: A view of residential buildings in the city of Jabalia damaged by an Israeli airstrike. Hasan Alzaanin/TASS Палестина. Сектор Газа. Джабалия. Жилые дома, разрушенные в результате обстрела города со стороны Израиля. Хасан Алзаанин/ТАСС

Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել է, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Եգիպտոսում կսկսվեն Գազայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնց մասնակցելու են իսրայելական և ամերիկյան պատվիրակությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ հեռուստաալիքի՝ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն արդեն մեկնել է Եգիպտոս։ 

Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահի փեսան և Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի ճարտարապետներից մեկը՝ Ջարեդ Քուշները, կարող է մասնակցել բանակցություններին՝ ամերիկյան կողմից։ 

Հեռուստաալիքը նաև նշել է, որ իսրայելական պատվիրակությունը կարող է գլխավորել արչապետ Բենիամին Նեթանյահուի վստահելի անձը՝ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։

«Եթե ՀԱՄԱՍ-ը չհամագործակցի, մենք կարող ենք արագ առաջխաղացում ունենալ Գազայում։ Դադարի գինը ցածր է, և արժե պատանդներին ազատ արձակվելու հնարավորություն տալ»,-աղբյուրի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին ասել է դադարեցնել պաղեստինյան անկլավի ռմբակոծությունը։

«Հիմնվելով ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության վրա՝ կարծում եմ՝ նրանք պատրաստ են տևական խաղաղության։ Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Գազայի ռմբակոծությունը, որպեսզի կարողանանք ապահով և արագ կերպով դուրս բերել պատանդներին։ Այս պահին դա անելը չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկումներ ենք անցկացնում մանրամասների վերաբերյալ»,-Truth Social հարթակում գրել էր Թրամփը։

Այնուհետև ԱՄՆ նախագահը նաև տեսանյութ էր տարածել, որում շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Հորդանանին իրենց աջակցության համար։

ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև հոկտեմբերի 5-ն էր ժամանակ տվել՝ ընդունելու 20 կետից բաղկացած իր ծրագիրը, այլապես, խոստացել էր, որ կլինեն լուրջ հետևանքներ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է «անմիջապես գործի դնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի արձագանքի։ Իսրայելական կողմը հայտնել է, որ կշարունակի լիովին համագործակցել նախագահ Թրամփի և նրա թիմի հետ պատերազմն ավարտելու համար։ BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իր մոտ պահվող պատանդներին, սակայն խնդրել է լրացուցիչ բանակցություններ ամերիկյան առաջարկի որոշ կետերի շուրջ։ Շարժումը հայտնել է, որ կփոխանցի Գազայի հատվածի կառավարումը «տեխնոկրատներից» բաղկացած պաղեստինյան մարմնի և կվերադարձնի բոլոր պատանդներին՝ «ինչպես ողջ մնացած, այնպես էլ մահացած»։ 

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, 250 մարդ գերեվարվեց։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 50 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, ողջ է մնացել միայն 20-ը։

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 66 000-ը։ Վիրավորների թիվը մոտենում է 170 000-ի։ Անկլավում 450-ից ավելի մարդ մահացել է սովից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում