Հայաստանում պաշտոնապես բացվեց «Wizz Air» ավիաընկերության բազան

6 րոպեի ընթերցում

Նեապոլ-Երևան թռիչքի դիմավորմամբ Հայաստանում  պաշտոնապես  բացվեց «Wizz Air» ավիաընկերության բազան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Wizz Air»-ի 2 նոր գերհագեցած ինքնաթիռ կկայանեն ընկերության հայաստանյան բազայում: 

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն ողջունելով և շնորհավորելով բոլորին այս կարևոր իրադարձության կապակցությամբ, նշեց, որ «Wizz Air»-ը աշխարհի ամենապահանջված ավիաընկերություններից մեկն է, և մեծ ձեռքբերում է, որ այն ընտրել է Երևանի օդանավակայանը՝ որպես իր բազավորման օդանավակայան։  

«Այսօր ժամանել է առաջին օդանավը, որին կհաջորդի երկրորդը։ Սա նոր հնարավորություններ կտա Հայաստանի բնակիչներին՝ ավելի շատ ճամփորդել և՛ բիզնեսի, և՛ հանգստի համար։ Եվ մենք կունենանք նոր ուղղություններ, կավելանան նաև թռիչքների հաճախականությունները։ Իհարկե, սա կնպաստի նաև զբոսաշրջության ներհոսքին»,-ասաց նա:

Մարսելո Վենդեն ընդգծեց, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունից  ունեցել են չվերթ դեպի Գյումրի: «Կարևոր է նշել, որ Գյումրիում մենք ունենք բարձրակարգ սպասարկում։ Եվ հուսով ենք, որ շուտով կկարողանանք սկսել «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման աշխատանքները, որպեսզի ավելի շատ չվերթներ կարողանանք սպասարկել»,- նշեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրենը:  

«Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները, ողջունելով ներկաներին, նշեց՝ հինգ ամիս առաջ հայտարարվեց, որ Երևանում կունենան նոր բազա և երկու օդանավ։  

«Այսօր առաջին ինքնաթիռն արդեն այստեղ է և սկսել է գործել, երկրորդը կգա հոկտեմբերի 26-ին։ Ավիաընկերությունը գործում է 50 երկրում՝ 200 ուղղությամբ, ունի շուրջ 9 300 աշխատակից։ Ավիաընկերությունն ամեն նոր բազա բացելու հետ ներգրավում է նաև տեղացի մասնագետների։ 2025 թվականին «Wizz Air»-ը տեղափոխել է 72 միլիոն  ուղևոր, ունի 34 բազա 16 երկրներում։ Երևանը դարձել է դրանցից մեկը։  

Հայաստանում գործունեությունը սկսվել ենք 2020 թվականին։ Այդ ժամանակից տեղափոխվել է շուրջ 2.6 միլիոն ուղևոր, ստեղծվել է ավելի քան 2 000 աշխատատեղ։ Նոր երթուղիների շնորհիվ կավելանա ևս շուրջ 100 ուղղակի աշխատատեղ, ինչպես նաև՝ բազմաթիվ անուղղակի աշխատատեղեր»,- ասաց նա: 

Թիշներն ուրախությամբ նշեց՝ նոր բազայից և Գյումրիից կգործարկվեն ուղղություններ դեպի Իտալիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս և այլ երկրներ։ Առաջին թռիչքը դեպի Պրահա մեկնարկեց այսօր, հաջորդները կլինեն հոկտեմբերի 6-ից։ 

«Մենք ոչ միայն զարգացնում ենք ավիացիան, այլև խթանում ենք երկրի տնտեսությունը։ Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն աջակցության համար»,- ընդգծեց Թիշները։

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն  էլ ընդգծեց՝ նախարարության ռազմավարական նպատակն է առաջիկա տարիներին ունենալ տարեկան առնվազն 3 միլիոն զբոսաշրջիկ։ Դրա համար կարևոր է, որ Հայաստան մտնեն միջազգային բրենդներ, այդ թվում՝ տրանսպորտային և ավիացիոն ընկերություններ։ 

«Եթե տարիներ առաջ Հայաստանից, օրինակ, Հռոմ հասնելը պահանջում էր թանկ և երկար ճանապարհ՝ միջանկյալ կանգառներով, այսօր այդ ուղիները դարձել են արագ, մատչելի և հարմարավետ։ Սա կարևոր է ոչ միայն մեր քաղաքացիների համար, այլև տարբեր երկրների զբոսաշրջիկների համար, որոնք Հայաստան այցելելու ցանկություն ունեն։

Նոր ուղղությունները՝ Ֆրանսիա, Գերմանիա (Մեմինգեն, Մյունխեն), Իտալիայի երկու քաղաք, Կիպրոս, Ռումինիա, Չեխիա, մեծապես կխթանեն զբոսաշրջությունը և կբացեն նոր հնարավորություններ ոլորտի համար», ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ բազավորման ինստիտուտը ևս կարևոր ներդրում է․ նորագույն Airbus A321 neo օդանավերը իրենց մշտական կայանման վայրը կունենան Հայաստանում՝ «Զվարթնոց» օդանավակայանում։ «Սա մեծ նշանակություն ունի ինչպես զբոսաշրջության, այնպես էլ տնտեսության զարգացման համար»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ 

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան էլ ուրախությամբ նշեց՝ Գյումրիից դեպի Եվրոպա առաջին ուղիղ թռիչքի կայացումը կարևոր և մեծ ձեռքբերում էր:  

«Ինչու հենց Գյումրի. Կառավարությունն առաջիկա հինգ տարում նախատեսում է մեծածավալ ներդրումներ կատարել Գյումրու զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման համար։ Քաղաքն արդեն այսօր ունի զբոսաշրջիկների ընդունման ներուժ, և ուղիղ չվերթները կխթանեն նաև տեղական տնտեսության՝ հյուրանոցների, ռեստորանների և ծառայությունների զարգացումը։ 

Նոր ավիաուղղությունները և փոխադրողների մուտքը երկիր ունեն միայն դրական ազդեցություն։ Համոզված ենք, որ սա մեր ռազմավարության սկիզբն է և հնարավորություն կտա ոչ միայն հասնել 2030 թվականի 3 միլիոն զբոսաշրջիկի նպատակին, այլև, հնարավոր է, այն գերազանցել»,- եզրափակեց Գևորգյանը: 

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում