Տուրիզմ

Երևան-Ռիգա, Երևան-Լոնդոն. ինչ ուղիղ չվերթներ են սպասվում առաջիկայում

3 րոպեի ընթերցում

Երևան-Ռիգա, Երևան-Լոնդոն. ինչ ուղիղ չվերթներ են սպասվում առաջիկայում

Տարբեր քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթները նկատելիորեն նպաստում են զբոսաշրջիկների թվի ավելացմանը։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ ուղիղ չվերթների առումով հայաստանյան ավիաշուկայում մեծ ակտիվություն կա, առաջիկայում ևս նորություններ են սպասվում։ 

«Օրեր առաջ առիթ ունեցա Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ քննարկել Հայաստան AirBaltik ավիաընկերության մուտք գործելու հարցը։  Մայիսին կգործարկվի Երևան-Ռիգա ուղիղ չվերթը։ Մերձբալթյան երկրները բացվում են մեզ համար։ Ռիգան զբոսաշրջային ավիահաբ է՝ իր լայն հնարավորություններով։ Այդ տարածաշրջանից շատ քիչ են գալիս Հայաստան, և այս ուղիղ չվերթի պարագայում ակնկալվում է, որ ավելի շատ զբոսաշրջիկ կգա մեր երկիր»,-ասաց Լուսինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ ապրիլին՝ Երևան-Ռիգա ուղիղ չվերթի մեկնարկից առաջ, կիրականացնեն մարքեթինգային ծավալուն արշավ։   

Հունիսից գործարկվելու է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթը, որն, ըստ Լուսինե Գևորգյանի, նույնպես աննախադեպ է։  Երևան-Լոնդոն չվերթը իրականացնելու է Wizz Air ավիաընկերությունը։ 

Նորություններ են սպասվում նաև Չինաստանի ուղղությամբ։ Ներկայում Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթ կա, մասնավորապես Ուրումչիից,  սակայն Լուսինե Գևորգյանը տեղեկացրեց, որ քննարկվում է դեպի Երևան ուղիղ չվերթի իրականացնում Չինաստանի այլ քաղաքից։  

«Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելի ավելացել է։ 2024 թվականին եղել է 33 հազար, 2025-ին՝ 45 հազար։ Ներկայում ունենք մեկ ուղիղ չվերթ, որն ինդուստրիալ քաղաք է։ Եվ եթե մեկ այլ քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթ բացվի, ապա վստահ եմ, որ արդյունքներն այլ կլինեն։ Նկատվում է նաև ցամաքային անցակետերով չինացիների հոսք դեպի Հայաստան, օրինակ Վրաստանից։ Մենք կկարողանանք Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային նոր տուրեր առաջարկել»,-ասաց կոմիտեի նախագահը։  

Զբոսաշրջության կոմիտեի ուշադրության կենտրոնում  է նաև Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորության հարցը։ Նա հիշեցրեց, որ հայկական շուկա է մտնում Turkish Airlines-ը, որն ունի մեծ ներուժ այդ ուղղությամբ ուղիղ չվերթ իրականացնելու համար։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում