Կառավարությունը ձգտելու է տարվա կտրվածքով երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել մոտ 3 միլիոնի
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Կառավարությունն առաջիկա 5 տարիներին աշխատանքներ է իրականացնելու, որպեսզի տարվա կտրվածքով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասնի երկրի բնակչության թվին (խմբ.վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2023 թվականին, Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 928 հազար 914 մարդ)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Վերջինս, շնորհավորելով Wizz Air հունգարական ավիաընկերությանը Հայաստանից դեպի տարբեր այլ երկրներ թռիչքների քանակն ավելացնելու, ինչպես նաև երկու նոր ուղղություններով (Բելգիա և Նիդեռլանդներ) չվերթներ սկսելու առթիվ, շեշտեց, որ նոր ուղղությունների ավելացումը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացումն ու զբոսաշրջիկների թվի ավելացումը սահմանված է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում։
«Մենք գիտենք, որ ուղիղ և մատչելի թռիչքների առկայությունը շատ ուղիղ ազդեցություն ունի զբոսաշրջիկների այցելությունների վրա։ Մենք հաջորդ 5 տարիների ընթացքում աշխատանքներ կիրականացնենք, որպեսզի տարվա կտրվածքով մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասնի երկրի բնակչության թվին։ Իսկ մինչև առաջիկա տասնամյակի ավարտը, կարծում ենք, այդ թիվը կարող է հասնել տարեկան 5 միլիոնի։ Մենք Հայաստանը դիրքավորում ենք որպես զբոսաշրջության համար կայուն և պատասխանատու երկիր»,-շեշտեց Լուսինե Գևորգյանը։