ՀՀ որոշ տարածքներ մի շարք երկրների համար դեռ կարմիր գոտում են. ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը խնդրի լուծման ուղղությամբ
2 րոպեի ընթերցում

Հայաստանն աշխատանք է տանում եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերների հետ, որպեսզի կարմիր գոտուց հանվեն տարիներ առաջ այնտեղ ներառված ՀՀ սահմանամերձ որոշ շրջանները։
Տարածաշրջանում ռազմական գործողություններով, լարված իրավիճակով պայմանավորված՝ եվրոպական շատ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, Հայաստանի մի շարք մարզերի քաղաքներ, սահմանամերձ հատվածներ ներառել էին կարմիր գոտում և իրենց երկրների քաղաքացիներին խորհուրդ չէին տալիս Հայաստանում լինելու պարագայում այցելել այդ հատվածներ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո իրավիճակը, ընկալումները փոխվել են։
«Զբոսաշրջությունը բավականին զգայուն ոլորտ է, և պատերազմական իրավիճակում գտնվող երկրները տուժում են զբոսաշրջային առումով։ Օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո նկատում ենք, որ մեր երկրի նկատմամբ այդ միտումն անցնում է։ Ուրախ եմ, որ համապատասխան գերատեսչությունը աշխատանք է տանում դեսպանությունների հետ, որ Հայաստանի որոշ շրջաններ կարմիր գոտուց հանվեն։ Եթե հասնենք նրան, որ դա տեղի ունենա, ապա զբոսաշրջության վրա դրական ազդեցությունն ակնհայտ կլինի։ Մենք զբոսաշրջային հոսքեր կուղղենք Սյունիքի մարզ, Վայոց ձորի մարզ, հատկապես Ջերմուկ համայնք»,-ասաց Լուսինե Գևորգյանը։
Նա նշեց, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի գործընկերների հետ աշխատանքն իրականացվում էր դեռ նախորդ տարվանից, սակայն 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո իրավիճակն այլ է ու մեծ ակնկալիքներ կան դրական զարգացումների առումով։