Ֆինլանդիան և Շվեդիան ԵՄ-ին կոչ են արել ռուսական սառեցված ակտիվներից 130 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետներ Պետերի Օրպոն և Ուլֆ Քրիստերսոնը նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով՝ գնահատելով Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսական կարիքները և կոչ են արել ԵՄ-ին սառեցված ռուսական ակտիվների հաշվին 130 միլիարդ եվրո հատկացնել Կիևին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի կառավարությունը։
«Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովին և անդամ պետություններին՝ Ուկրաինայի առաջիկա տարիների ֆինանսական կարիքների վերաբերյալ։ Իրենց նախաձեռնությամբ երկու երկրների վարչապետներն ընդգծում են, որ Ուկրաինայի կարիքները 2026-2027 թվականների համար գնահատվում են 130 միլիարդ եվրո, իսկ ֆինանսավորման դեֆիցիտ սպառնում է առաջանալ արդեն 2026 թվականի երկրորդ եռամսյակում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օրպոն և Քրիստերսոնը իրենց նամակում առաջարկել են, որպեսզի այդ միջոցները հատկացվեն առավելապես սառեցված ռուսական ակտիվներից։
Կառավարության տվյալներով՝ Ուկրաինայի առաջիկա տարիների ֆինանսավորումը կքննարկվի ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը կկայանա Կոպենհագենում հոկտեմբերի 1-2-ը։