Աշխարհ

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ կազմակերպած տիեզերական հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ են արել Եվրոպային՝ ամրապնդել իր տիեզերական ոլորտը։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Մակրոնը եվրոպական տիեզերական ոլորտը բնութագրել է որպես «խոցելի» և ընդգծել դրա կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ կոչ անելով իրականացնել ոլորտի համատեղ կառավարում։

«Տիեզերքը մնում է համաշխարհային նշանակության միակ ընդհանուր ռեսուրսը, որի նկատմամբ դեռևս չեն կիրառվում մեր առջև ծառացած մարտահրավերների մասշտաբին համապատասխանող կանոններ։ Այդ մարտահրավերներին դիմակայելը պահանջում է համատեղ կառավարում»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է ստորագրել մոտ 20 միլիարդ եվրո արժողությամբ ավելի քան 51 համաձայնագիր, և ուրվագծել է Եվրոպայի համար ապագա մի շարք կարևորագույն նպատակակետեր։

Միևնույն ժամանակ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է Եվրոպայի ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ ընդգծելով տիեզերքի կարևոր դերը ոչ միայն գիտական ​​հետազոտություններում, այլև պաշտպանության մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

«Տիեզերքում գործելու հնարավորությունը ոչ միայն հիմնարար է մեր բարգավաճման համար, այլև ավելի ու ավելի է որոշում մեր անվտանգությունն ու անկախությունը։ Սա ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան Ուկրաինայում»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Տիեզերական ոլորտում ռազմական կարողություններն ընդլայնելու Եվրոպայի ձգտումը պայմանավորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմով, ինչպես նաև տիեզերական ոլորտում Միացյալ Նահանգներից ունեցած երկարատև կախվածությունից աստիճանաբար հրաժարվելու ցանկությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում