Տնտեսությունն աճել է 43%-ով, բյուջեի եկամուտները կրկնապատկվել են. վարչապետը ԵԽԽՎ-ին ներկայացրեց ՀՀ ձեռքբերումները 2018-ից հետո
3 րոպեի ընթերցում

Հայաստանն այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ունեցած ելույթում։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ 2018թ․ ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում արձանագրվել են բովանդակային փոփոխություններ, աճել է կանանց ներգրավվածությունը Հայաստանի հանրային և քաղաքական կյանքում։
«Մեր երկրի խորհրդարանում կին պատգամավորների թիվը երբեք այնքան մեծ չի եղել, որքան այսօր, կին նախարարների թիվը կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան այսօր։ Ներքին գործերի նախարարությունը, որն ամենամեծ իրավապահ կառույցն է, Դատախազությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը կանայք են ղեկավարում, ինչն աննախադեպ է մեր պատմության համար»,- ասաց վարչապետը։
Հեղափոխության և ժողովրդավարության արժեքների մասին խոսելիս՝ վարչապետը կարևորեց նաև սոցիալ-տնտեսական ցուցանիշները։
«2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է շուրջ 43 տոկոսով, երկրի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018 թվականի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։ Բայց հիմա արդեն այս ամենից մեր բերկրանքը պարպվել է, որովհետև նշածս եկել է հիմնավորելու, որ հնարավոր է ավելին, և մենք պիտի ձգտենք ավելիին, ու սրա համար ահռելի մեծ աշխատանք կա անելու՝ անկախ դատական համակարգը կայացնելու, հակակոռուպցիոն ամբողջական ու վստահելի համակարգ ներդնելու, ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու, օրենքի և իրավունքի գերակայությունն արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու, պետության նկատմամբ մարդկանց վստահությունը մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանը գնալու է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, վստահություն հայտնեց, որ կլինի նաև Եվրոպայի խորհրդի և նրա կառույցների ամուր աջակցությունը։