Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Գազայի հարցով ԱՄՆ նախագահի առաջարկը

2 րոպեի ընթերցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Գազայի հարցով ԱՄՆ նախագահի առաջարկը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկը՝ Գազայում գրեթե երկու տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆոն դեր Լայենը նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։   

«Ողջունում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Խրախուսում եմ բոլոր կողմերին այժմ օգտվել այս հնարավորությունից»,- նշել է նա։

Լայենի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում։

«Թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն՝ Գազայի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելով և բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելով։

Երկու պետությունների սկզբունքով կարգավորումը մնում է Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության միակ կենսունակ ուղին, որտեղ իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդները կապրեն կողք կողքի, խաղաղության և անվտանգության մեջ՝ զերծ բռնությունից և ահաբեկչությունից»,- նշել է նա։

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը և կոչ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ընդունել այն։

Սպիտակ տան կողմից ներկայացված Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում: Ավելին, Գազայի հատվածն անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում