Հայաստան

ԳՇ պետը սեպտեմբերի 29-ին ընդունել է ակցիա իրականացնող քաղաքացիներին. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

ԳՇ պետը սեպտեմբերի 29-ին ընդունել է ակցիա իրականացնող քաղաքացիներին. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հերքելով պնդումները, թե ակցիայի մասնակիցների հետ Պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

«Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել: 

Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ: 

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ: 

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ: 

Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: 

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում