Քաղաքականություն

Ստրասբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽԽՎ նախագահի հանդիպումը

3 րոպեի ընթերցում

Ստրասբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽԽՎ նախագահի հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։

Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։

Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։

Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ 

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում