Գրքի երևանյան միջազգային փառատոնն առաջին անգամ ներկայացվեց Գյումրիում

4 րոպեի ընթերցում

Գրքի երևանյան միջազգային փառատոնը այս տարի առաջին անգամ ներկայացվեց նաև Գյումրիում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնը սեպտեմբերի 28-ին Հայաստանի մշակութային մայրաքաղաքում էր:

Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված գրքի տոնավաճառին մասնակցեցին բազմաթիվ հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, գրադարաններ և կրթամշակութային հաստատություններ։ Մինչ փառատոնի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հուշատախտակի բացումը՝ Գյումրու Ֆուրմանովի փողոցի 4-րդ նրբանցք, տուն 23 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է բանաստեղծը, իսկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գրքերի ընթերցումների շարքը մեկնարկեց՝ «Բոլորովին ուրիշ աշուն․ Հովհաննես Գրիգորյան-80» խորագրով։ Տեղի ունեցան հոբելյանական ընթերցումներ և զրույցներ։

Օրվա ընթացքում տեղի ունեցան նաև գրքերի շնորհանդեսներ՝ Գևորգ Թումանյանի «Հնձած խոտ» և Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» գործերը։ Կազմակերպվեցին հանդիպումներ արձակագրեր Արամ Ավետիսի և Աշոտ Ստեփանյանի, ինչպես նաև ժամանակակից գրողներ Հասմիկ Սիմոնյանի, Եր Կարի և Անուշ Քոչարյանի հետ։  Ավելի ուշ նախատեսված է նաև «ստենդափ» ձևաչափով հանդիպում՝ Արմեն Սարգսյանի, Վազգեն Օհանյանի, Տիգրան Գևորգյանի և Արմեն Ղանդիլյանի մասնակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ամեն տարի ընդլայնվում է թե՛ մասնակիցների և հրատարակչությունների, թե՛ վաճառվող գրքերի քանակով։ 

«Փառատոնը դառնում է միջազգային, և մենք հյուրընկալում ենք գրողներ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն մեզ համար կարևոր էր նաև փառատոնը տարածել դեպի մարզեր՝ խթանելու համար ընթերցանության և գրքի մշակույթը։ Այս տարի առաջին անգամ նախաձեռնեցինք փառատոնի անցկացումը Գյումրիում և Կապանում։ Սա շատ կարևոր միջավայր է հատկապես ուսանողների և դպրոցականների համար։ Նախարարությունն ունի մի շարք ծրագրեր՝ աջակցելու գրահրատարակչության ոլորտին, գրողներին, թարգմանական գրականությանը, ինչպես նաև մեր գրողների ստեղծագործությունները այլ լեզուներով թարգմանելու և միջազգային շուկաներում ներկայացնելու համար։ Նախորդ տարի մենք կարևոր փոփոխություն արեցինք՝ ծրագրում ներառելով գրական ստեղծագործությունների բեմադրում թատրոններում, որպեսզի ժամանակակից գրականությունը ապրի ամբողջական ստեղծագործական շղթայով՝ գրվի, ներկայացվի, տարածվի»,- հավելեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի  Երևանում մենք ունեցանք ավելի քան 40 հազար այցելու, տասնյակ երկրների գրողներ և 18 հազար վաճառված գիրք։ Դա վեց անգամ ավելի է, քան առաջին տարին, ինչը խոսում է փառատոնի կայացման և կարևորության մասին։ Փառատոնը դառնում է ոչ միայն սիրված, այլ նաև ազդեցիկ մշակութային իրադարձություն»,- նշեց փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը։

Նշենք, որ փառատոնը հոկտեմբերի 4-ին կլինի նաև Կապանում։

Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ որպես Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկը, անցկացվում է 2017 թվականից։ Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը։ Այն իրականացվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն