Աղվերանում մեկնարկեց «Ստեղծիր կապեր, որոնք կփոխեն քո կյանքը» խորագրով ամենամյա երիտասարդական ֆորումը
5 րոպեի ընթերցում

Աղվերանում մեկնարկեց ամենամյա «Երիտասարդական ֆորում 2025»-ը՝ մեկ հարթակում համախմբելով Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարվա ֆորումը կրում է «Ստեղծիր կապեր, որոնք կփոխեն քո կյանքը» խորագիրը և կտևի մինչև սեպտեմբերի 28-ը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով երիտասարդներին և մաղթելով արդյունավետ աշխատանք, հույս հայտնեց, որ այս երեք օրերը կդառնան նրանց համար հիշարժան ու ոգեշնչող։

«Այս ֆորումի ամենակարևոր ուժը ձեր ոգևորվածությունն ու էներգիան է, և վստահ եմ՝ առաջիկա օրերին այն կօգնի արդյունավետ աշխատել ու բարձրաձայնել ձեր ձայնը։ Երբ ասում ենք՝ երիտասարդների ձայնը պետք է լսելի դառնա, նկատի ունենք, որ մշակվող քաղաքականությունները պետք է հաշվի առնեն ձեր իրական խնդիրներն ու օրակարգը։ Շատ հարցեր առաջին անգամ հնչում են հենց ձեր կողմից, դրանք այլևս ոչ ոք չի բարձրացնում։
Ինձ համար կարևոր է, որ այս հարթակը լինի ոչ միայն լսելու, այլ նաև համատեղ լուծումներ գտնելու հնարավորություն։ Ուրախ եմ տեսնել այստեղ ներկայացուցիչներ տարբեր մարզերից․ սա թույլ է տալիս հասկանալ, որ խնդիրները տարբեր են և պետք է բազմակողմանի մոտեցում։
Երիտասարդությունը ոչ միայն եռանդի, այլև երբեմն վախերի շրջան է։ Շատերը դժվարանում են ինքնադրսևորվել կամ խոսել։ Դուք արդեն արել եք այդ քայլը, բայց ձեր շուրջը կան մարդիկ, ովքեր կարիք ունեն քաջալերման։ Կուզեմ, որ դուք լինեք նրանց վստահություն հաղորդողը և ներգրավեք նրանց այս գործընթացներում»,- նշեց նախարարը։
Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ ֆորումը կդառնա խնդիրների բաց քննարկման և համատեղ լուծումների հարթակ։ Ըստ նրա՝ փոփոխությունները սկսվում են յուրաքանչյուրից․«Եթե խոսենք ու գործենք միասին, լուծումներն անպայման կգտնենք»։
Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Գրիգոր Երիցյանը նշեց, որ արդեն հինգ տարի ֆորումը միավորում է Հայաստանի տարբեր համայնքներից երիտասարդների և պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտի մարտահրավերներն ու առաջնահերթությունները։

Նրա խոսքով՝ այս տարի ստացվել է շուրջ 600 հայտ, որոնցից ընտրվել է ավելի քան 150 մասնակից։ «Ֆորումը դարձել է սպասված ավանդույթ։ Դուք այստեղ ներկայացնում եք ոչ միայն ձեզ, այլև ձեր համայնքները և ձեր հասակակիցների խնդիրները»,-ասաց Երիցյանը։
Նա հավելեց, որ ֆորումն առաջինն է երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո։ «Օրենքը նոր հնարավորություններ ու պատասխանատվություն է ստեղծում թե՛ երիտասարդների, թե՛ պետության համար։ Այս երկխոսությունը պետք է դառնա համագործակցության նոր որակի սկիզբ»,- նշեց նա։
Երիցյանը նշեց, որ ֆորումի օրակարգում ընդգրկված են երիտասարդների մասնակցության, քաղաքացիական ակտիվության, կամավորության և միջազգային համագործակցության թեմաներ։ Քննարկումների արդյունքում ձևավորվող առաջարկությունները կներկայացվեն պետական ու համայնքային կառույցներին։
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ ֆորումը կարևոր իրադարձություն է, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ։ Աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը, ինչպես նաև մի շարք գործընկեր կազմակերպություններ։

Ըստ նրա՝ երիտասարդների մասին օրենքի ընդունումը բացում է հնարավորությունների նոր դաշտ, և երիտասարդները պետք է դառնան քաղաքականությունների ձևավորման լիարժեք մասնակիցներ։
«Եվրոպական միության տրամադրած փոքր դրամաշնորհները կօգնեն հատկապես սահմանամերձ և հեռավոր համայնքներում ապրող երիտասարդներին իրականացնել ծրագրեր և նպաստել սոցիալական կապերի ամրապնդմանը։ «Առաջիկա օրերին դուք անցում կկատարեք գաղափարներից դեպի գործողություն։ Սա ձեր հնարավորություն է ձեռք բերելու նոր հմտություններ և ձևավորելու ձեր դերը երկրի ապագայի կերտման գործում»,-նշեց GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Մասնակիցներից շատերը ևս ընդգծեցին, որ ֆորումը լավ հնարավորություն է համայնքներում առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և նոր կապեր հաստատելու համար։
