Տնտեսություն

Ատոմակայանի անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ատոմակայանի անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար. Փաշինյան

Հայաստանն ամեն ինչ անում է ՀԱԷԿ շահագործման ընթացքում անվտանգության ամենաբարձր չափանիշները պահպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ–ում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: 

Փաշինյանը նկատեց, որ թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության լայնորեն տարածումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի արդիականությունը՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր։ Ըստ վարչապետի՝ ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, պետք է ամեն ինչ արվի միջուկային անվտանգությունն ապահովելու համար։ 

«Հայաստանի կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը արտադրվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից։ Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,–ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ ատոմային էներգիայի ռազմավարական կարևորությունը Հայաստանի կառավարության վրա հատուկ պատասխանատվություն է դնում ներկա և ապագա սերունդների առաջ։ 

«Մենք ամեն ինչ անում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում անվտանգության  ամենաբարձր չափանիշները պահպանելու համար։ Մենք պարբերաբար անցկացնում ենք ստուգման և փորձագիտական ​​​​գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս,  որ Հայաստանն ատոմակայանը շահագործում է ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում է միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը»,–ասաց վարչապետը: 

Նա շեշտեց՝ այդ սկզբունքը հիմք է հանդիսացել վերջին տարիներին Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացված լայնածավալ արդիականացման համար, որի շնորհիվ հնարավոր եղավ դրա շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականը: Այս փորձի հիման վրա, Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է կրկին երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 

Փաշինյանը նշեց, որ հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ նաև Հայաստանի և «Ռոսատոմ» կորպորացիայի ու այլ միջազգային գործընկերների միջև շահավետ և վստահելի գործընկերության արդյունք:

Նրա խոսքով՝ շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կլինի նոր էներգաբլոկի կառուցմանը սահուն անցնելու համար՝ ՀԱԷԿ–ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում