Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը կանցկացվի Դիլիջանում

3 րոպեի ընթերցում

Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանում, կանցկացվի «Դիլիջանյան օրեր» խորագրի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ և Վանաձորի կամերային նվագախմբերը, ինչպես նաև Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը: 

Հայաստանի հյուսիսային երեք մարզերի երաժշտական կոլեկտիվների հետ մեկտեղ փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաև մենակատարներ Վաչե Հովեյանը (ալտ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):           

9-րդ փառատոնին կմեծարվեն տարվա հոբելյարները. նվագախմբերը երկու համերգային երեկոների ընթացքում կկատարեն Ալեքսանդր Աճեմյանի (100), Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Գևորգ Արմենյանի (երեքն էլ՝ 105), Էդգար Հովհաննիսյանի (95), ինչպես նաև մեր կողքին ապրող կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի (80), Արմենուհի Կարապետյանի (60), Վարդ Մանուկյանի (70) ստեղծագործությունները:     

Նախագծի ընթացքում կհնչեն նաև ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, կոմպոզիտորներ Դավիթ Հալաջյանի, Նարինե  Զարիֆյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Կարեն Անանյանի և Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:   Փառատոնի երկու համերգներն էլ կանցկացվեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լ.Վ. Բեթհովենի անվան համերգասրահում։

Սեպտեմբերի 27-ին կոմպոզիտորների ստեղծագործական տանը նախատեսվում է անցկացնել վարպետության դաս-դասախոսություն Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների աշակերտների համար՝ ՀԿՄ առաջատար կոմպոզիտորների մասնակցությամբ: Վարպետության դաս-դասախոսությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հաստատելով ներկայությունը composersunion@mail.ru էլեկտրոնային հասցեով: 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:          
            
Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է 2014 թվականի աշնանը։ Փառատոնը հասցրել է դառնալ հայ ժամանակակից երաժշտության դրոշակակիրներից մեկը՝ լինելով եզակի նախագիծը, որը լայն հնարավորություններ է ընձեռնում ժամանակակից կոմպոզիտորներին ներկայացնելու սեփական արվեստը, միևնույն ժամանակ շարունակելով երաժշտասեր հանրությանը ներկայացնել արդեն դասական դարձած կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը միավորում է հանրապետության լավագույն երաժշտական կոլեկտիվներին և մենակատարներին՝ շեշտը դնելով նաև նոր կադրերին հնարավորություն ընձեռելու և մեծ բեմ ուղղորդելու առաքելության վրա: Իր հիմնադրված պահից սկսած՝ փառատոնն իրականացել է ՀՀ մշակույթի, հիմա արդեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 

Հայերեն Русский

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից