Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը դեռ բարեկարգման կարիք ունի
3 րոպեի ընթերցում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պարբերաբար վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, որոնք նպաստում են թատրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը շեշտում է՝ առանց պետական աջակցության դժվար կլինի որևէ լուրջ քայլ անել այդ ուղղությամբ։
«Վերջին շրջանում թատրոնի տանիքի ամբողջական վերանորոգում ենք իրականացրել. դա հսկայածավալ աշխատանք էր, ամբողջությամբ փոխվել են սանհանգույցները, կաթսայատունը, սակայն դեռ լուծված չէ պատուհանների հարցը։ Մեկ այլ լուրջ խնդիր է սառեցման համակարգի բացակայությունը։ Մեր վերադաս մարմնին ասել եմ, որ սառեցման համակարգի առկայության պարագայում թատրոնի ակտիվ գործունեության շրջանը կերկարացնենք։ Մենք ուղղակի կորցնում ենք օգոստոսը, կորցնում ենք հուլիսը սառեցման համակարգի բացակայության պատճառով»,-նշում է տնօրենը։
Մկրտչյանը կարևոր է համարում նաև թատրոնի տեխնիկական վերազինման հարցը՝ հիշեցնելով, որ բեմը վերազինվել է տարիներ առաջ, իսկ տեխնիկան ավելի քան տասը տարվա պատմություն ունի. սարքերն արդեն խնդիրներ ունեն։
«Եթե շարունակվի տեխնիկական վերազինումը, լուծվի սառեցման համակարգի և պատուհանների հարցը, մնացյալը մեր ուժերով կարող ենք անել»,-ընդգծում է Վարդան Մկրտչյանն ու հավելում՝ թատրոնի շենքը մեծ է, խնդիրները տասնամյակների պատմություն ունեն, պետք է ամեն օր աշխատել այդ խնդիրները վերացնելու համար։
Չնայած խնդիրներին՝ այժմ էլ պետական աջակցության շնորհիվ թատրոնի տարբեր հատվածներում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Թատրոնի չորրորդ հարկում, որտեղ ավելի քան երեսուն տարի գործել է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնը, ևս հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Մկրտչյանը շեշտում է՝ այդ տարածքում 1966 թվականին Վարդան Աճեմյանը հիմնել է ստուդիա։ «Տարածքը ծառայելու է իր նպատակին և լինելու է մշակութային հերթական օջախ։ Այս մեծ ինստիտուտի մեջ կան տարբեր մշակութային օջախներ՝ Black Box, «Պաննո» և այլն։ Չորրորդ հարկում ևս կլինի ժամանակին մոտ և թարմ մտածողությամբ, տեխնիկապես հագեցած, ավելի լավ պայմաններով կենտրոն»,-եզրափակում է նա։
