Քաղաքականություն

Բուլղարիան կարևորում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աթանաս Զաֆիրովին

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան կարևորում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աթանաս Զաֆիրովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Զաֆիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի այդ ուղղությամբ: 

Բուլղարիայի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ անկախության տոնի առիթով: Աթանաս Զաֆիրովն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների բազմադարյա կապերի փաստը և հավելել, որ իր երկիրը կարևորում է ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: 

Այս առումով, զրուցակիցները նշել են բիզնես ֆորումների անցկացման, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության խթանմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրն ու խաղաղության հաստատումը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում