Սպորտ

Ազատ ոճում փոխվում են մրցանակակիր երկրների տենդենցները. Հաբեթնակ Կուրղինյան

2 րոպեի ընթերցում

Ազատ ոճում փոխվում են մրցանակակիր երկրների  տենդենցները. Հաբեթնակ Կուրղինյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով ազատ ոճում բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա:

«Արսեն Հարությունյանից աշխարհի առաջնությունում ոչ թե բրոնզե, այլ՝ ուրիշ մեդալ էինք սպասում: Ոչ միայն ես, այլ ամբողջ մարզաշխարհն էր սպասում ավելի բարձր մեդալ… Լավ ելույթ ունեցավ Արման Անդրեասյան: Սակայն աշխարհի առաջնությունը դեռևս բարդ մրցաշար է մեզ համար: Ազատ ոճում փոխվում են մրցանակակիր երկրների  տենդենցները ու առավել շատ մեդալներ են նվաճում ասիական դպրոցի ներկայացուցիչները»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կուրղինյանը:

Ըստ մարզչի՝ նոր օլիմպիական շրջանում ըմբիշների քաշային կարգերի փոփոխություն չի լինի, մարզիկները հանդես կգան ներկայիս քաշերում:

«Մեր օլիմպիական քաշերը մնում են 57 կգ ու 65 կգ: 65 կգ քաշային կարգում, իրականում, մրցակցությունը համաշխարհային ասպարեզում շատ ավելի ուժեղ է: Արսեն Հարությունյանն աշխարհի այս առաջնությանն առանձնակի էր մոտեցել, հատուկ սննդաբանի հետ էր աշխատում: Կարող եմ ասել՝ ինչ թերություններ եղել են այս առաջնությունում, մյուսին չեն լինի»,- ընդգծեց նա:

Կուրղինյանի խոսքով` ազատ ոճի ըմբշամարտում այս պահին ունեցած ռեսուրսը` մանկապատանեկան մարզադպրոցների ու առկա մարզիչների վիճակը, բերում է այս իրավիճակին: Մարզաձևում առկա ամենամեծ խնդիրը բարձր որակի մասնագետների բացակայությունն է:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից միակ մեդալը նվաճեց Արսեն Հարությունյանը: Դա ԱԱ-ներում նրա 4-րդ մեդալն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում