Աշխարհ

Էկվադորի նախագահը պարետային ժամ է սահմանել հինգ նահանգներում՝ բողոքի ցույցերի պատճառով

2 րոպեի ընթերցում

Էկվադորի նախագահը պարետային ժամ է սահմանել հինգ նահանգներում՝ բողոքի ցույցերի պատճառով

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան պարետային ժամ է սահմանել հինգ նահանգներում և ընդլայնել է արտակարգ դրության գործողությունն ութ տարածաշրջաններում՝ դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման դեմ բողոքի ցույցերի պատճառով, որոնք ուղեկցվել են բախումներով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էկվադորի նախագահի վարչակազմի հրապարակած հրամանագիրը:

Երկրի հինգ նահանգներում տեղաշարժի ազատության սահմանափակումները կգործեն ժամը 22:00-ից մինչև առավոտյան 05:00-ն։ 

Սեպտեմբերի 16-ին Նոբոան երկրի մի քանի նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարել։ 

Նախագահի վարչակազմը նաև տարածել է հայտարարություն, ըստ որի այն անձինք, ովքեր «դիմում են ահաբեկչական գործողությունների, ճանապարհների անօրինական արգելափակումների և կազմակերպված բռնության, պատիժ կկրեն օրենքին համապատասխան»: 

Սեպտեմբերի 12-ին Նոբոան ստորագրել է դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման մասին որոշում: Դրանից հետո այդ վառելիքի գները 1,8 դոլարից բարձրացել են մինչև 2,8 դոլար մեկ գալոնի դիմաց (3,78 լիտր): Էկվադորի մի քանի նահանգներում Տրանսպորտի ոլորտի աշխատողների միավորումները հայտարարել են գործադուլների մասին։

2019 թվականի հոկտեմբերին Էկվադորում բողոքի ցույցեր և անկարգություններ էին սկսվել, երբ այդ ժամանակվա  նախագահ Լենին Մորենոն ստորագրել էր հրամանագիր դիզելային վառելիքի և բենզինի սուբսիդիաների վերացման մասին: Ստեղծված իրավիճակում Մորենոն արտակարգ դրություն էր հայտարարել երկրում: Հետագայում հրամանագիրը չեղյալ էր հայտարարվել:  Նոբոայի նախորդի՝ Գիլիերմո Լասոյի օրոք նույնպես ցույցեր են տեղի ունեցել վառելիքի գների բարձրացման պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում