5 րոպեի ընթերցում
2025 թվականի սեպտեմբերի 16-ին շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կենտրոնական բանկից:
Դիմերես՝ Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն:
Դարձերես՝ Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ և կադրատախտակ:
Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 28,28 գ
Չափը՝ 28,0 x 40,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` հարթ
Թողարկման քանակը ` 300 հատ
Թողարկման տարեթիվը` 2025
ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ (1925–1988 թթ.)՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ։
Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։
1951–1954 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի տարբեր թատրոններում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 1954 թ-ից։ Առաջին ֆիլմերն են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.):
Մալյանի լավագույն և մրցանակների արժանացած ֆիլմերից են՝ «Եռանկյունին» (1967 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.): Նրա ֆիլմերը ցուցադրվել են Կաննի, Դելիի, Լոնդոնի, Հոնկոնգի, Սան Ռեմոյի, Տոկիոյի, Մանիլայի միջազգային կինոփառատոներում, խորհրդային և հայկական ֆիլմերի տասնօրյակների շրջանակներում՝ Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, այլ երկրներում:
1980 թ. ստեղծել և գլխավորել է Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան (1988 թ-ից կրում է նրա անունը)։ Այստեղ է բեմադրել «Հեքիաթները» ներկայացումը՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով, որը մինչև այսօր սիրված է հանդիսատեսի կողմից: 1982 թ. «Հեքիաթների» հիման վրա նկարահանվել է «Մի կաթիլ մեղրը» ֆիլմը:
Մալյանի ստեղծագործությունը մեծապես նպաստել է հայ ազգային կինոարվեստի առաջընթացին ու միջազգային ճանաչմանը. նրա ստեղծած կինոերկերը ազգայինի և համամարդկայինի յուրատեսակ համադրություն են:
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: