Վերականգնվել է պետությանը հասցված շուրջ 740 միլիոն դրամի վնաս․ ՆԳ նախարարը
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների միտումները և դրանց դեմ տարվող պայքարը։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է ստորաբաժանման ձեռքբերումները. վարչության ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա բացահայտվել է երեք խոշոր հանցավոր խումբ, որոնք կեղծ ներդրումային հարթակների միջոցով իրականացրել են համակարգչային հափշտակություններ։ Քննչական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել 18 անձի։ Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 740 միլիոն դրամի վնաս։
Մշտադիտարկումների արդյունքում բացահայտվել են 49 անձինք, որոնք «Տելեգրամ» հավելվածի միջոցով տնօրինել են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց և ռազմամթերք։ Կալանավորվել է երեք անձ։
Վարչությունը շարունակում է սերտ համագործակցել միջազգային առաջատար ընկերությունների և «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների 24/7 ազգային կոնտակտային կետերի հետ։ Սա հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով փոխանակել տվյալներ, էլեկտրոնային ապացույցներ և տեղեկություններ նոր հանցագործությունների տեսակների վերաբերյալ։