Իրավունք

Ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել

2 րոպեի ընթերցում

Ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նախարարին է ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված: 

Ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։ 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննությունների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց։ Ոստիկանության գնդապետը մանրակրկիտ ներկայացրել է նաև Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։ 

ՆԳ նախարարը հանձնարարել է շարունակել մարզային ստորաբաժանումների՝ թմրամիջոցներով զբաղվող մասնագիտացված բաժինների աշխատանքի մոնիթորինգը՝ գնահատելու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կենտրոնական ապարատի հետ համագործակցությունը։ Նախարարը հանձնարարել է նաև շարունակել վերլուծությունը, հստակեցնել թմրաշրջանառության հավանական տարածքները և համակարգել այդ ուղղությամբ պարեկային ծառայության ու համայնքային ոստիկանության աշխատանքը։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը։ 
Շեշտելով կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել են նաև ծրագրային նոր ապահովումների ձեռքբերման վերաբերյալ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում