Բրազիլի նախկին նախագահ Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման
2 րոպեի ընթերցում

Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար և դատապարտվել 27 տարի 3 ամսվա ազատազրկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գերագույն դատարանի դատավորները Բոլսոնարուին մեղավոր են ճանաչել 2022 թվականի ընտրություններում իր ձախակողմյան մրցակից Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պարտվելուց հետո նրա դեմ դավադրություն ղեկավարելու մեջ։ Հինգ դատավորներից միայն մեկն է կողմ քվեարկել նրա արդարացմանը։
Բոլսոնարուի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը։
Բացի այդ, Գերագույն դատարանն Ժաիր Բոլսոնարուին արգելել է որևէ պետական պաշտոնի համար առաջադրվել մինչև 2033 թվականը։
70-ամյա Բոլսոնարուն դատավարության ընթացքում տնային կալանքի տակ էր և դատավճռի կայացմանը ներկա չի եղել։ Նախկինում նա հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ են հարուցել, որպեսզի թույլ չտան մասնակցել 2026 թվականի նախագահական ընտրություններին։ Նա իր հանդեպ մեղադրանքներն անվանել է «վհուկների որս»։
2023 թ. հունվարի 8-ին Բոլսոնարուի աջակիցները գրոհել էին կառավարական շենքերի վրա, սակայն զինվորականներից բավարար չափով աջակցություն չէր եղել հեղաշրջում իրականացնելու համար։ Հասարակական կարգը վերականգնվել էր, ավելի քան 1500 մարդ՝ ձերբակալվել։