Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը պատրաստ է դադարեցնել համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անդամ պետությունները խոչընդոտում են. Կալաս

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը պատրաստ է դադարեցնել համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անդամ պետությունները խոչընդոտում են. Կալաս

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, որի օրակարգում է նաեւ Գազայում տիրող հումանիտար ճգնաժամը: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է դադարեցնել առևտրային կապերը և համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անդամ պետությունները խոչընդոտում են հետագա քայլերին: 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գազայում շարունակվող պատերազմի համար Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԵՄ-ում առկա խորը բաժանումն իր արտացոլումը գտավ լիագումար նիստի ժամանակ եւս: ԵԽ հիմնական եւ մեծ քաղաքական խմբակցությունների ղեկավարների, պատգամավորների մեծ մասը ներկա չէր քննարկմանը: 

ԵՄ գլխավոր դիվանագետի խոսքով հնարավոր չէ որպես Միություն առաջ շարժվել, քանի դեռ անդամ պետությունները միեւնույն տեսակետը չեն կիսում: 

«Մեր գործողությունների տարբերակները հստակ են և մնում են սեղանին, սակայն անդամ պետությունները համաձայն չեն հարցում, թե ինչպես ստիպել Իսրայելի կառավարությանը փոխել ընտրած ճանապարհը»,- ասել է Կայա Կալասը: 

Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստել է հնարավոր քայլերի «ցանկ», ներառյալ առևտրային կապերի դադարեցում և Իսրայելի մասնակցության դադարեցում Horizon հետազոտական ու նորարարական հիմնադրամին, սակայն «միասնականություն չկա այն հարցում, թե ինչ քայլ պետք է լինի հաջորդը»։ Իսպանիան և Բելգիան միակողմանիորեն նախընտրում են խիստ քայլեր, մինչդեռ Գերմանիան և Հունգարիան ավելի զուսպ են։

«Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք դիվանագիտական ջանքերը Իսրայելի հետ, որովհետև ոչ մի տեղ չենք հասնի, եթե չխոսենք», - եզրափակել է Կալասը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նախկինում էլ քննադատել է Իսրայելի կողմից քաղաքացիական օգնության արգելափակումը՝ մեղադրելով «տասնամյակների հումանիտար սկզբունքները» խաթարելու մեջ, սակայն այս քննադատությունները գործողության չեն վերածվել: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում