Դեսպան Մկրտչյանը Կրետեի համալսարանի պրոռեկտորին ներկայացրել է ՀՀ կառավարության Ակադեմիական քաղաք նախագիծը
2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կրետեի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Վամվակակիին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանը քննարկվել են համալսարանական ոլորտում համագործակցության հեռանկարները։
Պրոռեկտոր Վամվակակին ներկայացրել է համալսարանի հիմնական ուղղություններն ու առավելությունները։ Առանձնապես կարևորվել է համալսարանի բժշկական դպրոցը, որն ունի նաև Հունաստանի լավագույն հիվանդանոցներից մեկը։
Կրետեի համալսարանի պրոռեկտորը նշել է, որ համալսարանն ունի մեկ բակալավրիատային ծրագիր` բժշկական ուղղությամբ, որն ամբողջությամբ անգլերեն է, իսկ մագիստրատուրայում կան այդպիսի 18 ուղղություններ։ Դոկտորանտուրայում բոլոր ուղղություններ հունարեն չտիրապետողների համար ամբողջապես կարող են իրականացվել նաև անգլերեն։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է հուլիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարի և Հունաստանի կրթության և կրոնական հարցերի նախարարի միջև կայացած հանդիպմանը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Դեսպանն ընդգծել է, որ երկու նախարարների միջև ստորագրված կրթության և գիտության բնագավառներում 2025-2029 թթ ծրագիրը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի և Հունաստանի միջև։
Այդ շրջանակներում Կրետեի համալսարանի հետ հայկական բուհերը բազմաթիվ ուղղություններով կարող են զարգացնել հարաբերությունները։ Դեսպանը նաեւ ներկայացրել է ՀՀ կառավարության Ակադեմիական քաղաք նախագիծը և ծանոթացել Կրետեի համալսարանի ե Հերակլիոնում և Ռեթիմնոյում գործող կամպուսների կազմակերպման առանձնահատկություններին։