Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր

5 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվում են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 

Նշվում է, որ ՊԵԿ վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաներով գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։

«Մարզերում գործող առևտրի կետերում համաժամանակյա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 47 առևտրի կետում, վարչության աշխատակիցները, հայտնաբերել են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի։ 

Միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։ Հայտնաբերվել են նաև միևնույն նույնականացման նշանների բազմակի օգտագործման դեպքեր։ 

Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով  իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Արձանագրված դեպքերով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում է հավաքված ամբողջ տեղեկատվությունը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ Նշենք, որ առերևույթ հանցանքի մասին ներկայացված հաղորդումների հիմքով 2025թ-ի ընթացքում արդեն իսկ նմանատիպ 14 դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Ալկոհոլային խմիչքներ արտադրողներին Պետական Եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, այդ թվում խաղողի օղու անվան տակ ցորենի օղի չվաճառել, ինչը ոչ միայն հարկերից դիտավորյալ խուսափելու միտում է, այլև` խաբեության դրսևորում սպառողների նկատմամբ:  

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառող առևտրի կետերին կոմիտեն կոչ է անում վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով կամ շուկայական գներից էականորեն ցածր արժեքներով ալկոհոլային խմիչքներ, գնումների ընթացքում օղու մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է` վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ գնելուց առաջ սպառողները ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների վաճառքի գներին,  E-MARK հավելվածի միջոցով սկանավորել հսկիչ (նույնականացման)  նշանները, որպեսզի համոզվեն` ապրանքը ենթակա է վաճառքի ու  չգնեն անհայտ ծագում ունեցող ալկոհոլային խմիչքներ։ 

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է օրենսդրությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, այդ թվում՝ կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիների ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու միջոցով։ Վարչությունը հետևողական է նշված հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին  բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ,     քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում