Հայաստան

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Բռնության և ոտնձգության վերաբերյալ կոնվենցիան վավերացնելու նախագծին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Բռնության և ոտնձգության վերաբերյալ կոնվենցիան վավերացնելու նախագծին

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Բռնության և ոտնձգության վերաբերյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: 

«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին»,–ասել է փոխնախարարը: 

Կոնվենցիան վերաբերում է նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:

Այն սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաեւ անդամ պետության գործողությունները՝ աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կոնվենցիան կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:

Կոնվենցիան ստորագրվել է 2019 թվականի հունիսի 21-ին, առ այսօր վավերացվել է 50 պետության կողմից:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում