Մարզեր

Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են. պատճառն օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությունն է

2 րոպեի ընթերցում

Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են. պատճառն օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությունն է

«Սյունիք» օդանավակայանը հայտարարություն է տարածել Երևան-Կապան-Երևան չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ չվերթների ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ։ 

«Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը: Շնորհակալություն ձեր վստահության և ըմբռնման համար:Թռիչքների վերսկսման և հետագա տեղեկությունների համար կարող եք հետևել մեր պաշտոնական էջին»,- ասված է օդանավի հայտարարության մեջ: 

Սյունիք TV-ի հետ զրույցում Երևան-Կապան-Երևան ուղղությունը սպասարկող Novair ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը պարզաբանել է, որ ինքնաթիռը միայն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է 95 չվերթ, տեղափոխել 2096 ուղևոր։ Սա 19 չվերթով ավելի է, քան 2024 թվականին։ 

«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ։ Ուղևորների և թռիչքների անվտանգությունը մեզ համար գերակա պահանջ է, որին մենք անվերապահորեն հետևում ենք։ Չվերթներն ընդհատելու որոշումը մեզ համար շատ ցավոտ էր, որովհետև Երևան-Կապան-Երևան չվերթները վայելում են մեծ պահանջարկ։ Մեր կողմից իրականացվում են աշխատանքներ՝ փոխարինող օդանավ գտնելու ուղղությամբ, որպեսզի այս բացը լրացնենք»,- ասել է Վարդանյանը։ 

Սյունիք TV-ի ռեպորտաժում նշվում է, որ օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L-410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։ 

Novair ընկերության տնօրենն ընդգծել է, որ տեխնիկական սպասարկումն աշխարհում ընդունված նորմալ և բնականոն գործընթաց է, որը սակարկման ենթակա չէ՝ հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը։ 

Նշվում է նաև, որ ուղևորների մեծ հոսքով պայմանավորված՝ Երևան-Կապան-Երևան թռիչքներն այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ են իրականացվել՝ 3-ի փոխարեն։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում