ՄԱԿ-ը, Բրիտանիան և մի շարք երկրներ Աֆղանստանին հումանիտար օգնություն կտրամադրեն ավերիչ երկրաշարժից հետո
1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում 6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից հետո շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Փլատակներում դեռ բազմաթիվ մարդիկ են մնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Թալիբանը դիմել է միջազգային հանրությանը՝ օգնության համար։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտնել է հումանիտար կառույցների միջոցով Քաբուլին 1 միլիոն ֆունտ ստեռլինգի արտակարգ օգնություն տրամադրելու մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպության արտակարգ օգնության ֆոնդից կտրամադրվի նախնական 5 միլիոն դոլար։
Աֆղանստանին երկրաշարժի հետևանքների վերացման գործում օգնություն են խոստացել նաև Չինաստանը, Հնդկաստանը և Շվեյցարիան։
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժն ավելի քան 800 մարդու կյանք է խլել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը դեռ զգալիորեն կավելանա։