Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական  բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները։ Քննարկվել են իրականացման ճանապարհին առաջացած ռազմավարական և տեխնիկական հրատապ խնդիրները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջնական վայրի օպտիմալ ընտրության, այդ վայրի ենթակառուցվածքների և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովմանն ուղղված ընթացիկ հարցերին։

Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը՝ ընդգծելով խոշոր տվյալային կենտրոնի նշանակալի դերը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:

Նշվում է, որ այդ ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում։

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը գտել են լուծումներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ հետագա քայլերի պլանավորման և նախագծի բարեհաջող իրականացման ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ  Վահագն Մուղնեցյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում