Մշակույթ

Գեղարքունիքի համայնքներն ակտիվ մասնակցել են «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի համայնքներն ակտիվ մասնակցել են «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին

2013 թվականից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվում է «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնը, որը կրում է «Մշակութային վերածնունդ» խորագիրը։ Այս տարի փառատոնին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այս տարի փառատոնն անցկացվել է օգոստոսի 31-ին, որին Գեղարքունիքի մարզից մասնակցել են մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքապետարաններից, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ և շնորհալիներ։ 

Գեղարքունիքի մարզի տաղավարներում ցուցադրվել են թանգարանային նմուշներ, կարպետներ, գորգեր, պաստառներ, մարզի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներ՝ կերպարվեստի, գեղանկարչության, գոբելենի, մաքրամեի, ասեղնագործության, բատիկայի, ուլունքագործության, փայտագործության ուղղություններից, մարզի տարբեր տարածաշրջաններին բնորոշ խոհանոցային ուտեստներ ու ճաշատեսակներ, մարզում արտադրված մթերք, ըմպելիքներ։ 

«Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ցուցադրություններով, հյուրասիրություններով, վարպետության դասերով, այլ նաև համերգային ծրագրով։

Երաժշտական կատարումներով հանդես է եկել Վարդենիս համայնքի «Սասուն» ազգագրական պարային համույթը, ներկայացվել է հետաքրքիր պատմություն՝ Բայազետի բարբառով։ 

Փառատոնի հանձնաժողովի կողմից շնորհակալագրերով խրախուսվել են Վարդենիս համայնքի «Սասուն» ազգագրական պարային համույթը, Մարտունու արվեստի դպրոցը, փայտագործ-քանդակագործ, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչ Երեմ Կոստանյանը, Ճամբարակ համայնքի բնակիչ, մեղվաբույծ-մեղվաբույժ Հայկ Հովհաննիսյանը, Բայազետի բարբառով ելույթ ունեցող, Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Վարդանյանը,  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՄ հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետներ Արփիկ Չքոլյանը և Գեղամ Չարվադարյանը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում