Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի կողմից Պաղեստինի ճանաչման պայմաններն առայժմ կատարված չեն
2 րոպեի ընթերցում

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը: Ինչպես
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քառնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք չենք միանա այդ նախաձեռնությանը (խմբ. Պաղեստինի ճանաչմանը): Մենք կարծում ենք, որ պետականության ճանաչման համար պայմանները ոչ մի կերպ չեն կատարվել», - ասել է կանցլերը՝ հավելելով, որ վերջին օրերի և ժամերի իրադարձությունները չեն փոխել իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
Մերցը հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել Պաղեստինը նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Պաղեստինի ճանաչման միջազգային արշավը սկսվել է Գազայի հատվածում Իսրայելի՝ գրեթե երկու տարի չդադարող ռազմական գործողության ֆոնին, որը հանգեցրել է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացման:
Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հրապարակել է հայտարարություն, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք նստաշրջանից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը և չդադարեցնի ռազմական գործողությունն անկլավում: Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կճանաչի Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: