Տնտեսություն

Վարձով եք տալիս անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել. պարզաբանում է ՊԵԿ-ը

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։  

Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը կարող եք ներկայացնել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։

«Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված վարձավճարներից եկամտային հարկը պետական բյուջե կարող եք վճարել կանխիկ և անկանխիկ եղանակներով։ Անկանխիկ եղանակով վճարումը կարող եք կատարել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում, որտեղ ներկայացրել եք հայտարարագիրը՝ ընտրելով «վճարումներ» բաժինը։ Հարկն անկանխիկ կարող եք վճարել նաև վճարային տերմինալների միջոցով։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած բանկ և եկամտային հարկի գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ Կարևոր է հիշել, որ բանկում վճարում կատարելիս Ձեր հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) պարտադիր պետք է լրացնել ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։

Միաժամանակ հիշեցնենք՝ եթե 2024 թվականին անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացել եք եկամուտներ, ապա եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը պետք է ներկայացնեք և եկամտային հարկը պետական բյուջե վճարեք՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում