Ստորագրվեց կրթության ոլորտում հավակնոտ նպատակների իրականացմանը միտված ևս մեկ հուշագիր
4 րոպեի ընթերցում

«Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի գրասենյակում ՀՀ կրթության տեսչական մարմինը և կրթական հիմնադրամը ստորագրեցին հուշագիր, որը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը՝ միավորելով ջանքերը կրթական ոլորտում նորարարական լուծումների մշակման և ներդրման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը նշեց, որ արդեն տասը տարի իրենք նույն ճանապարհի վրա են և նույն ոգով շարունակելու են իրենց գործունեությունը։

«Այն, ինչ տասը տարի առաջ դիտվեց որպես առաջին քայլ, այժմ վերածվել է մեծ շարժման, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի զարգացման համար։ ՀՀ կրթության տեսչական մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր հանձնառություն է։ Երբ տասը տարի առաջ սկսեցինք մեր գործունեությունը, դեռ այն ժամանակ մտածում էինք նման պահերի մասին, իսկ հիմա գոհ ենք, որ նախանշված ծրագրերն իրականանում են և ապագայում կշարունակեն իրականացվել»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ զարգացման այն փուլում, որում գտնվում է տեսչական մարմինը, շատ կարևոր է համագործակցությունը «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ՝ հաշվի առնելով տվյալ կառույցի փորձառությունը կրթության բնագավառում։

«Համագործակցությունից իսկապես ունենք մեծ ակնկալիքներ։ Մեր թիմի համար պահը խորհրդանշական է՝ հաշվի առնելով նախկին համագործակցությունը, ինչը կայուն հիմք է արդյունավետ փոխգործակցության համար»,- ասաց Մատիկյանը։
Երբ «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամը բացվեց, ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայիս ղեկավարն առաջին ուսուցիչներից էր, որը միացավ հիմնադրամի աշխատանքներին։ Կառույցը դեռ այն ժամանակ հայտարարեց, որ նպատակ ունի համախմբել մարդկանց, որոնք հնարավորություն ունեն ուսուցիչ դառնալ՝ հեռավոր գյուղերում աշխատելու համար։
Այդուհանդերձ, գլխավոր գաղափարը ոչ միայն հեռավոր գյուղերում արդյունավետ աշխատանքով հայրենիքին օգտակար լինելն է, այլև առաջնորդության նպատակով հանձնառություն ստանձնելը։ Փաստորեն տասը տարի առաջ կատարված ներդրումն այսօր տալիս է ցանկալի արդյունք և ստեղծել է պարարտ հող հիմնադրամի ու տեսչական մարմնի համար՝ հանրակրթության ոլորտը համատեղ ջանքերով ավելի լավը դարձնելու նպատակով։
Հիմնադրամի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց հանձնառությունը պարտավորեցնող է, քանի որ հուշագիրը պարունակում է փոխադարձ օգնության հստակ գործառնական պլան։ Հիմնադրամը տրամադրելու է մարդկային ռեսուրսներ՝ իրականացնելով թեստավորումներ, ինչի շնորհիվ ձեռքբերումները կստանան ավելի օբյեկտիվ բնույթ, և այդ ամենի առանցքում կլինի նաև տեսչական մարմինը։
Հիմնադրամում նշեցին այն կարևոր հանգամանքը, որ պետական մարմինը մասնավոր կրթական կառույցի հետ իրականացնում է նման ծրագիր՝ ստորագրելով փոխշահավետ հուշագիր, այսինքն՝ ոչ միայն առաջնորդվում է օրենքով սահմանված ստուգողական գործառույթներով, այլև դիմում է կադրային ռեսուրսներով իրեն օգտակար լինելու առաջարկությամբ։