Կրթություն

Հայաստանցի դպրոցականը Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ

3 րոպեի ընթերցում

Հայաստանցի դպրոցականը Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ

ՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից, յուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։ Հայաստանը օլիմպիադային մասնակցել է 1 թիմով։ 

Թիմը ձևավորվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված 11-րդ դասարանի աշակերտներից՝ շուրջ 400 մասնակցի ներգրավմամբ կազմակերպված ազգային փուլի արդյունքներով։ 

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյան և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։

Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից)։

Հայաստանի թիմը ղեկավարել է Տիգրան Իշխանյանը (Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի արհեստական բանականության ուսուցիչ, «ԱԲ սերունդ» ծրագրի ղեկավար, Wolfram Research Inc.-ում ավագ գիտնական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու): Որպես դիտորդներ՝ հանդես են եկել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը և «ԱԲ սերունդ» ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանը։

Մեկնարկելով 2023 թվականինին՝ 2025/26 ուսումնական տարվանից «ԱԲ սերունդ» ծրագիրում ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում:

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում