Քաղաքականություն

Ապաշրջափակման շուրջ ցանկացած պայմանավորվածություն լինելու է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության հիման վրա. Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Ապաշրջափակման շուրջ ցանկացած պայմանավորվածություն  լինելու է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության հիման վրա. Ռուբինյան

Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա, նաև ապաշրջափակում՝ փոխադարձության հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է. 

-ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա, այսինքն՝ մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: 

-Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն, եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:  

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,-գրել է Ռուբինյանը:  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է: Վաշինգտոնում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ 

Ավելի վաղ Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, որն առաջինն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, իսկ եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է  տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ 

«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում