Հայաստան

Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերը կարող են ձևավորել նոր որակի համագործակցություն. Համբարձում Մաթևոսյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերը կարող են ձևավորել նոր որակի համագործակցություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Միջոցառումը միավորել էր Հայաստանի և սփյուռքի տաղանդավոր, առաջադեմ ու նախաձեռնող երիտասարդներին՝ քննարկելու համահայկական ներկայության և ազդեցության ամրապնդման ուղիները։

Նախարարը շեշտել է, որ երիտասարդներն ազգային և համաշխարհային օրակարգի համահեղինակներն են, և որ նրանց մասնակցությունն ու նախաձեռնողականությունը հենց այսօր կարող են ազդել այն ուղղությունների վրա, որոնցով կզարգանա մեր պետությունը։ 

«Մենք գործ ունենք սերնդի հետ, որը միաժամանակ զգում է գլոբալ բնապահպանական խնդիրների հետևանքները և ունակ է ձևավորել դրանց լուծումները։ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից մեկը շրջակա միջավայրի պահպանումն է, և այստեղ երիտասարդների ներուժը անփոխարինելի է»,- ասել է Մաթևոսյանը։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, որն աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բնապահպանական հարթակներից մեկն է։

Նրա խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես պատասխանատու գործընկեր, որը ոչ միայն արձագանքում է բնապահպանական ճգնաժամերին, այլև առաջարկում և առաջնորդում է լուծումներ։ 

«Մեր նպատակը պարզ է՝ ապահովել, որ երիտասարդներն ունենան հստակ և ինստիտուցիոնալ մանդատ՝ մասնակցելու և ազդելու համաժողովի քննարկումներին ու որոշումներին»,- նշել է նախարարը։

Նա նկատել է, որ համաժողովի մասնակից երիտասարդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել COP17-ի նկատմամբ։ Քննարկման ընթացքում ծավալվել է ակտիվ հարցուպատասխան՝ հատկապես սփյուռքի երիտասարդների ներգրավման ուղիների շուրջ։ 

Քննարկվել են գաղափարներ, թե ինչպես կարելի է համադրել սփյուռքի փորձն ու կապերը Հայաստանի բնապահպանական և միջազգային նախաձեռնությունների հետ՝ ստեղծելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն։

Նախարարը երիտասարդներին կոչ է արել այս պահից ներգրավվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին, դառնալ Հայաստանի բնության միջազգային դեսպաններ և կապող օղակներ Հայաստանի ու աշխարհի բնապահպանական, գիտական, կրթական և հասարակական շրջանակների միջև։ 

Մաթևոսյանը համոզված է, որ Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերը կարող են ձևավորել նոր որակի համագործակցություն և ունենալ խորքային ազդեցություն մեր ազգային և բնապահպանական օրակարգերի վրա։

«Շնորհակալ եմ բոլոր երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքը և կապերը նվիրում են մեր երկրի ապագային։  Վստահեցնում եմ, որ նրանց ներգրավվածությունը և ներուժը մեզ անհրաժեշտ են ոչ միայն այս համաժողովի, այլև Հայաստանի կայուն զարգացման և միջազգային դիրքի ամրապնդման ճանապարհին։ Եվ մենք՝ որպես պետություն, պարտավորվում ենք տրամադրել համագործակցության բոլոր միջոցները, որպեսզի այդ ներգրավումը լինի իրական, արժևորված և արդյունավետ»,-ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում