Հնդկաստանը չարդարացված է անվանել ռուսական նավթ գնելու պատճառով մաքսատուրքերի սահմանումը
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այդ հնարավոր քայլը որակել է որպես չարդարացված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հնդկաստանի թիրախավորումը չարդարացված է և անհիմն», - հայտարարել է նա։
Օրերս Հնդկաստանի կառավարության երկու աղբյուր Reuters-ին հայտնել էր, որ Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած Թրամփի սպառնալիքներին։
2022 թվականի սկզբին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո Հնդկաստանը ճնշման է ենթարկվել Արևմուտքի կողմից Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների համար։ Նյու Դելին շարունակել է իր սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ դա պատճառաբանելով վաղեմի բարեկամությամբ և տնտեսական կարիքներով։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ սպառնացել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։
Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրը ռուսական նավթ է գնում անհրաժեշտությունից ելնելով՝ էներգակիրների մատչելի գներ ապահովելու համար։