Ռուսաստան

Ռուսաստանն այլևս չի պահպանի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն այլևս չի պահպանի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը

Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը սահմանափակելու վերաբերյալ միակողմանի մորատորիումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունն այս որոշումը բացատրել է Ռուսաստանի հարակից տարածաշրջաններում «հավաքական Արևմուտքի» կողմից «ապակայունացնող հրթիռային ներուժի» մեծացմամբ, որն, ըստ հայտարարության, բացասաբար է ազդում տարածաշրջանային և համաշխարհային կայունության վրա, սրում է լարվածությունը միջուկային տերությունների միջև։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը դադարել է գործել 2019 թվականին: Իսկ 2023 թվականից, ըստ հայտարարության, Ռուսաստանն արձանագրել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների տարածքում ամերիկյան այնպիսի համակարգերի տեղաբաշխման նախադեպեր, որոնք ունակ են նման հրթիռների ցամաքային արձակման՝ «բացահայտ հակառուսական ուղղվածություն ունեցող» զորավարժությունների ընթացքում նման սպառազինության փորձարկման նպատակով։ 

«Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունած համապատասխան ինքնասահմանափակումներով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ երկրի ղեկավարությունը հետագայում քայլեր կձեռնարկի հրթիռների հնարավոր տեղակայման ուղղությամբ՝ «հիմնվելով ամերիկյան և այլ արևմտյան միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մասշտաբների միջգերատեսչական վերլուծության վրա»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում