Եռակողմ համագործակցությունը նախանշում է առաջընթաց դիզայնի և ճարտարապետության ոլորտում. ՃՇՀԱՀ-ում կնքվեց կարևոր հուշագիր
7 րոպեի ընթերցում
Կորեայի Հանրապետության ծավալատարածական դիզայնի ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության Դիզայնի միջազգային ակադեմիայի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով կողմերը համաձայնվում են համագործակցել կրթության, գիտության, մշակույթի և նորարարությունների ոլորտներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը նշեց, որ տվյալ բուհի միջազգային համագործակցության օրակարգը բավականին բազմաբևեռ է ու արգասաբեր, ինչի վկայությունն է նաև վերոհիշյալ հուշագրի կնքումը։
«Կորեայի ծավալատարածական դիզայնի ինստիտուտն ու ռուսական Դիզայնի միջազգային ակադեմիան մասնագիտական կրթության ոլորտի խոշորագույն բուհերից են ոչ միայն իրենց երկրներում, այլև ամբողջ աշխարհում։ Եռակողմ հուշագիրն անմիջականորեն կապված է մեր ֆակուլտետի կրթական ծրագրերի ու ռազմավարության հետ։ Մենք այստեղ տեսնում ենք համագործակցության լայն ասպարեզ, քանի որ նման հուշագիրն իր մեջ ընդգրկում է մի շարք ուղղություններ, ինչը շատ կարևոր է բուհերի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմերի համար։ Հուշագիրն ավելի կամրապնդի մեր ֆակուլտետի կրթական դիրքերը միջազգային ասպարեզում՝ ի նպաստ և ի բարօրություն ուսանողների կրթության որակի ապահովման»,- ասաց Մելիքյանը։
Դեկանը հավելեց, որ միջավայրի դիզայն, գրաֆիկական դիզայն և արդյունաբերական դիզայն հիմնական ծրագրերի վերաբերյալ համագործակցության դրույթները նույնպես ընդգրկված են հուշագրում, քանի որ գիտական, ակադեմիական փոխկապակցված ծրագրերի իրականացումն ունի առանցքային նշանակություն։ Հուշագրով նախատեսված համագործակցությունն ուսանողներին հնարավորություն կտա իրենց գիտելիքը կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի շատ բարձր մակարդակ և վարկանիշ ունեցող կառույցներում։
«Օգոստոսի 5-ից Հայաստանում անցկացվելու է թվով վեցերորդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված դիզայնի և նորարարության նախագծերին։ Այդ հանգամանքը պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք համագործակցություն հաստատենք համաժողովի մասնակից վերոհիշյալ երկու ուսումնական հաստատությունների հետ, որոնց ներկայացուցիչներն այցելեցին մեր համալսարան, ծանոթացան մեր կրթական ծրագրերին և մեզ հետ քննարկեցին համագործակցության ուղիները։ Կապի միջոցով հաստատվեցին բարեկամական հարաբերություններ, որոնք կամրապնդվեն արդեն իրավական հարթությունում»,- նշեց Մելիքյանը։
Ռուսաստանի Դաշնության Դիզայնի միջազգային ակադեմիայի նախագահ Արթուր Ռիժովը նշեց, որ այս տարի իրենց բուհը նշում է հիմնադրման հինգերորդ տարին և բավականին սերտ համագործակցում է կորեացի գործընկերների հետ ճարտարապետության, շինարարության և այլ ոլորտներում։
«Այս տարի որոշեցիքն այցելել Հայաստան և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին։ Այստեղ մեզ դիմավորեցին շատ լավ, և ստեղծվեց համագործակցության արգասաբեր հիմք։ Եռակողմ հուշագիրը դրա ապացույցն է, որից ակնկալիքները բավականին մեծ են։ Հայաստանն այժմ ունի որոշակի ինովացիոն ներուժ, բաց է բոլորի համար, ինչը հատկապես ստեղծագործող մարդկանց համար չափազանց կարևոր է։ Առաջին հերթին քննարկել ենք այն հարցը, թե ինչպիսի հեռանկարներ կարող է ունենալ մեր համագործակցությունը դիզայնի և ճարտարապետության մասնագիտական ոլորտներում։ Տարբեր երկրների միջև կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը կնպաստեն մշակութային նոր կամուրջների հաստատմանը»,- ասաց Ռիժովը։
Նա հավաստիացրեց, որ արդեն ծանոթացել են ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերին, որոնք, Ռիժովի բնորոշմամբ, ունեն ակադեմիական հիմքեր, բայց միևնույն ժամանակ հարմարեցված են արդի զարգացման միտումներին, ինչը հեշտացնում է հաղորդակցությունը։
«Կրթական ծրագրերում, բնականաբար, կան տարբեր մոտեցումներ և բազա, Կորեայում դրանք դրված են փորձագիտական հիմքի վրա և միտված են արդյունաբերական առաջընթացին, Ռուսաստանում ավելի զարգացած է գիտական բազան, հետևաբար դրա և ինովացիոն-փորձագիտական հիմքի համադրությունը կտա ցանկալի արդյունք»,- ասաց Ռիժովը։
Կորեայի Հանրապետության ծավալատարածական դիզայնի ինստիտուտի նախագահ Լիմ Ջիննին իր հերթին հայտնեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում, շատ տպավորված է և ակնկալում է արգասաբեր համագործակցություն։ Կորեական պատվիրակությունն արդեն այցելել է Էջմիածին, ծանոթացել Հայաստանի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու բազմադարյա պատմությանը։
«Մեզ հատկապես ոգեշնչել է հայկական ճարտարապետությունը, շենքերի արտաքին տեսքը։ Ձեր ճարտարապետության հիմքում օգտագործում եք շատ գեղեցիկ գույն ունեցող քար, հատկապես նորակառույց շենքերն առանձնանում են ճարտարապետական ուրույն լուծումներով, և այդ շունչն ու ոգին զգացվում է ամենուր։ Մեր այցի առաջին օրը եղանք Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ տեսանք պատմական ու ժամանակակից ճարտարապետական մոտեցումների համադրությունը»,-ասաց Ջիննին։
Նրա դիտարկմամբ՝ ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցությունը կարևոր է այն առումով, որ տալիս է հնարավորություն խթանելու շփումները հատկապես դիզայնի և ճարտարապետության ոլորտում։
«Թեև Հայաստանն ու Կորեան աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն երկուսն էլ արագ են զարգանում, հետևաբար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում սերտ կապերի հաստատումը կնպաստի հետագա զարգացմանը»,- ասաց Ջիննին։
Կողմերի միջև կնքված հուշագիրը նախատեսում է համատեղ գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի մշակում և իրականացում, գիտաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների համատեղ կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչների և գիտաշխատողների փոխանակումներ, ինչպես նաև համատեղ ակադեմիական և ստեղծագործական փոխանակումների պլանավորում, դասախոսների, ուսանողների և գիտաշխատողների փոխադարձ փոխանակումներ՝ ակադեմիական և ստեղծագործական բնույթի միջոցառումների անցկացման ձևաչափով, դիզայնի և հարակից ոլորտներում համատեղ նախագծերի մշակում և իրականացում, ակադեմիական տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ գրադարանային ռեսուրսները, գիտական հրապարակումներն ու պարբերական հրատարակությունները, ինչպես նաև ակադեմիական նյութերի, հրապարակումների և պարբերականների համատեղ օգտագործում։