Կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ ռազմավարական ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ որոշումն  ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ նախարարի՝  ռազմավարությամբ  քայլեր է ձեռնարկվում  կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք ձևավորելու համար, որն հիմնված կլինի բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա: 

Գևորգ Պապոյանը նկատել է, որ վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում Հայաստանի տնտեսության արտահանման ամբողջական ներուժը: Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեսության համար՝ սահմանափակելով ՀՀ-ի հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով: 

«Ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմավարության հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք: 

Ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից: Ռազմավարական նպատակներ են՝ արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների և նրանց կարողությունների զարգացում, արտահանման շուկաների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում: Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդհանուր միջոցառումները վերաբերում են բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները՝ համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը: 

Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ ամերիկյան դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3-ի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: 

«Համոզված ենք, որ ռազմավարության իրականացումն էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել գործարար համայնքի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ռազմավարությամբ  սահմանված թիրախներին հասնելու համար:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն