Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Չինաստանը Ստոկհոլմում շարունակում են բանակցությունները մաքսատուրքերի մեղմացման շուրջ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Չինաստանը Ստոկհոլմում շարունակում են բանակցությունները մաքսատուրքերի մեղմացման շուրջ

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաներն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում են բանակցությունները Ստոկհոլմում՝ նպատակ ունենալով լուծել մաքսատուրքերի շուրջ տարաձայնությունները և խուսափել առևտրային պատերազմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հնարավոր է, որ բանակցությունները մեծ առաջընթացի չհանգեցնեն, սակայն կողմերը կարող են պայմանավորվել ևս 90 օրով երկարաձգել մաքսատուրքերի շուրջ համաձայնագիրը, որը նրանք կնքել են մայիսի կեսերին։

Կողմերի միջև քննարկումը կարող է նաև հող նախապատրաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև հնարավոր հանդիպման համար։ 

Հուլիսի 28-ին պատվիրակությունները շուրջ հինգ ժամ քննարկումներ են անցկացրել Շվեդիայի վարչապետի գրասենյակում՝ Ռոզենբադում։ Բանակցությունների առաջին օրվա ավարտից հետո որևէ հայտարարություն չի արվել։ 

Օգոստոսի 12-ի լրանում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության ժամկետը մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու մասին։ Մինչ այդ կողմերը պետք է նոր համաձայնության հասնեն։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը առևտրային համաձայնություն է կնքել Եվրոպական Միության հետ, ըստ որի եվրոպական ապրանքների՝ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 15%: ԱՄՆ-ն առևտրային համաձայնագիր է կնքել նաև Ճապոնիայի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում