Նախագծի ընդունմամբ կխթանվի նոր ներդրողների ազատ և անարգել մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա. ՀՀ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն

5 րոպեի ընթերցում

Այս նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկան արտասահմանյան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն արձագանքելով

«Արմենպրես»-ի թղթակցի հարցմանը՝ նման կարծիք է հայտնել «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու վերաբերյալ ՀՀ կառավարության հուլիսի 24-ի որոշմանը:

«Հայաստանի ֆոնդային բորսան բարձր է գնահատում այն նախաձեռնությունները, որոնք ֆինանսական նոր գործիքներ և հնարավորություններ են ստեղծում երկրի կապիտալի շուկայի զարգացման համար: Նախագծի ընդունման դեպքում կխթանվի նոր ներդրողների ազատ և անարգել մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա՝ ապահովելով ավելի մեծ իրացվելիություն և գործարքների ծավալի աճ»,- նշեց Հայկ Եգանյանը:

Նրա գնահատմամբ՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա լուծելու երկու հիմնական խնդիր.

  • ՀՀ ֆոնդային բորսայում շրջանառվող պետական և կորպորատիվ արժեթղթերը դառնան հասանելի ԵԱՏՄ անդամ երկրների բրոքերների համար: Ակնհայտ է, որ ինչքան մեծ լինի բրոքերների թիվը բորսայում, այնքան բարձր կլինի հայկական շուկայի իրացվելիությունը։
  • ԵԱՏՄ անդամ երկրների բորսաներում շրջանառվող արժեթղթերը հասանելի կլինեն ոչ միայն շուկայի խոշոր խաղացողներին, այլև ՀՀ քաղաքացիներին։

Հայկ Եգանյանն ընդգծեց, որ համաձայնագրի այս նախագիծը՝ Հայաստանի և Աբու Դաբիի բորսաների միջև համագործակցությանը (TABADUL HUB-ի միջոցով) զուգահեռ, ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկան արտասահմանյան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։

Նշված համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է 2024 թվականի ապրիլի 29-ին։ Որոշման հիմնավորման համաձայն՝ այս փաստաթղթի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակներում միասնական ֆինանսական շուկա ստեղծելու նպատակից և դրա իրագործման միջոցառումներից մեկն է:

Ընդգծվում է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ (այդ թվում՝ արժութային) ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար: Միևնույն ժամանակ, այն կապահովի ներդրումների ներգրավումը ՀՀ արժեթղթերի շուկա՝ ՀՀ բորսայում շրջանառվող արժեթղթերին ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումային ծառայություն մատուցող անձանց հասանելիության տրամադրման միջոցով:

Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների ոչ ռեզիդենտ հաճախորդների համար ապահովել անդամ պետությունների ֆոնդային բորսաներին հասանելիություն ոչ ռեզիդենտ դիլերների և ոչ ռեզիդենտ բրոքերների միջնորդությամբ: Վերջինս ենթադրում է, որ ոչ ռեզիդենտ բրոքերները (դիլերները) կկարողանան իրենց հաճախորդների համար (իրենց համար) առանց միջնորդների՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներից ձեռք բերել անդամ պետությունների բորսաներում առևտրի համար թույլատրված արժեթղթեր և ածանցյալ գործիքներ:

ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» մասում նախատեսված է, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման ուղղությամբ:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ հաստատված «Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» համաձայն՝ որպես միջոցառում, նախատեսված է օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ ՀՀ շուկա ներգրավումը, իսկ որպես այդ միջոցառման արդյունք՝ ներդրումային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ ընկերությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների, ներգրավում hայաստանյան շուկա։

Հայերեն Русский

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք